Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պատմական այս ժամանակահատվածում և՛ ԵԱՏՄ-ն, և՛ ՀԱՊԿ-ն անհրաժեշտություն են»

«Պատմական այս ժամանակահատվածում և՛ ԵԱՏՄ-ն, և՛ ՀԱՊԿ-ն անհրաժեշտություն են»
12.09.2017 | 00:44

ԵԱՏՄ անդամակցությունից «Ելքի» դուրս գալու նախագիծը ԵՄ-ի հետ սպասվող համաձայնագրի ստորագրումից առաջ ուշագրավ էր մի քանի առումներով: Նախ` սա կարող է իշխանության թիկունքն ապահովել և մանևրելու տեղ թողնել: Չնայած ընդդիմադիր այս ուժը հայտարարում է, թե իր ծրագրային դրույթներից մեկն է իրականացնում, բայց հետաքրքիր զուգադիպությամբ այն համընկնում է ԵՄ-ի հետ նոր համագործակցության փուլի մեկնարկի հետ: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆՆ ընդդիմության նախաձեռնությունը չի շաղկապում մեկ այլ գործընթացի հետ, հավելելով, որ դա նրանց նախընտրական ծրագրում էր ամրագրված:


-Դա ընդդիմության մի մասի քաղաքական իրավունքն է,- ասում է պարոն Նիկոյանը:- Այս հարցի հետ կապված մեծ իրարանցումն ինձ համար մի փոքր անհասկանալի է: Քաղաքական ուժը, անհատները կարող են ունենալ իրենց կարծիքը: Այլ բան են քաղաքական մեծամասնության մոտեցումը, պետության արտաքին քաղաքականությունը: Ոչ պետք է սվիններով ընդունել այդ առաջարկը, ոչ էլ մտածել, թե այն կարող է լուրջ ազդեցություն ունենալ մեր պետության կյանքում:
-ԵՄ ասոցացման համաձայնագրից առաջ այդ նախաձեռնությունն իշխանությանը ձեռնտու չէ՞:
-Ոչ: Յուրաքանչյուր պետությունում ընդդիմությունն ու իշխանությունն արտաքին քաղաքական հարցերում կարող են համագործակցել, բայց ոչ թե նստել ու պայմանավորվել, թե ես սա կանեմ, դու` սա. ընդդիմությունը սեփական նախաձեռնությամբ կարող է քայլեր ձեռնարկել, որպեսզի իշխանությունն օգտագործի այդ հնարավորությունն արտաքին քաղաքական հարցերում: Բայց կարծում եմ, սա այդ դեպքը չէ, որովհետև մեր պետությունը հստակ գնում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Լինելով ԵԱՏՄ անդամ, համոզված եմ, կստորագրենք այդ փաստաթուղթը: Պատկերացրեք, եթե չլիներ ասոցացման համաձայնագիրը, այդ քաղաքական ուժը հրաժարվելու՞ էր իր այս նախաձեռնությունից: Կարծում եմ` ոչ:
-ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանը դեռ ոչինչ չի շահել: Չարժե՞ իսկապես դուրս գալ այդ միությունից:
-Ես համամիտ չեմ: Եթե այս տարիներին ունեցել ենք տնտեսական որոշակի առաջընթաց, դա նաև ԵԱՏՄ-ի համագործակցության շնորհիվ է եղել: Եթե չլինեինք այդ միության անդամ, եվրասիական շուկա չկարողանայինք ապրանք արտահանել ու ներմուծել, ի՞նչ էր լինելու մեր վիճակը: Ոմանք ասում են, թե առանց ԵԱՏՄ-ի անդամ դառնալու էլ մենք համագործակցում էինք ՌԴ-ի հետ, մինչդեռ Մաքսային միությունն աստիճանաբար խաղի կանոնները հստակեցնում էր, և Հայաստանի առջև խնդիր էր դրվելու, որ այդ շուկան բաց է միայն միության անդամ երկրների համար: Դրա համար էլ ԵԱՏՄ-ի հետ անդամակցությունը միանշանակ բխում էր մեր պետության շահերից: Որքա՞ն է այն արդյունավետ, կարելի է վիճել, բայց մենք պետք է առավելագույնս օգտագործենք այդ հնարավորությունը:
-ԵԱՏՄ-ին անդամակցելու ամենակարևոր գործոն էր համարվում անվտանգության բաղադրիչի ապահովումը: Սակայն ապրիլյան պատերազմը փշրեց այդ սպասումները: Ասում էին` այն տնտեսական միավորում է և քաղաքական ոչ մի ազդեցություն չունի, սակայն Ռուսաստանը ԵԱՏՄ-ի անունից որոշ հարցերում ճնշումներ գործադրեց Հայաստանի վրա: Սա ինչպե՞ս հասկանալ:
-Մի պահ պատկերացրեք, որ մենք ո՛չ ԵԱՏՄ-ի անդամ ենք, ո՛չ էլ ՀԱՊԿ-ի, ի՞նչ կլիներ: Սրանով պետք է առաջնորդվել, ոչ թե ցանկություններով: Համեմատենք երկու տարբերակն էլ` հիմա ինչ ունենք և ինչ կունենայինք, եթե այդ միավորումների կազմում չլինեինք: Պատմական այս ժամանակահատվածում և՛ ԵԱՏՄ-ն, և՛ ՀԱՊԿ-ն անհրաժեշտություն են: Չկա անվտանգության այն համակարգը, որն ունակ է լցնելու այդ վակուումը: Եթե ոչ ՀԱՊԿ-ը, ո՞ր անվտանգության համակարգում պետք է լինեինք:
-Արևմտամետները, առանց հապաղելու, կասեին` ՆԱՏՕ-ի:
-Վրաստանն իր անկախության տարիներին ձգտել է դեպի ՆԱՏՕ, հասե՞լ է: Տարբեր չափորոշիչներ են սահմանել, իսկ այդ ընթացքում ի՞նչ է եղել Վրաստանի հետ. տարածքային կորուստներ է ունեցել: Առաջարկում են գնալ ա՞յդ ճանապարհով: Ոչ, մենք գնացել ենք այլ ճանապարհով: Վրաստանը համագործակցության բարձր մակարդակ ունի ՆԱՏՕ-ի հետ, մենք էլ ենք համագործակցում, բայց ոչ այդ չափով, սակայն նորմալ հարաբերություններ և համագործակցություն ունենք: Դրա ապացույցն է Վրաստանում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելը:
-Սակայն վերջին զորավարժություններին Հայաստանը հրաժարվեց մասնակցել, և դրանում ոմանք ռուսական ճնշման հետք տեսան:
-Շատերը շատ բան կարող են տեսնել, բայց կա օբյեկտիվ իրականություն: Մենք մասնակցեցինք ՆԱՏՕ-ի այն զորավարժություններին, որոնք ապահովելու էին մեր ռազմաբժշկական պատրաստվածությունը պատերազմական իրավիճակում: Սա բխում էր մեր ազգային անվտանգության շահերից: Իսկ եթե ՆԱՏՕ-ն այլ զորավարժություններ է անցկացնում, այդ միությանն անդամակցելու ձգտող երկրները կարող են մասնակցել, իսկ մենք ոչ անդամ ենք, ոչ էլ անդամակցության հայտ ենք ներկայացրել, ուստի շատ հնարավոր է, որ բոլոր միջոցառումներին չմասնակցենք: Անկեղծ ասած, այդ միջոցառումներին չմասնակցելն էլ է բխում մեր ազգային անվտանգության շահերից: ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը չի կառուցել ու չի կառուցելու գերտերությունների շահերի հակասությունների վրա: Հակառակը, պետք է շահերի համադրման մեջ տեսնի իր արտաքին քաղաքականությունը, ինչն էլ փորձում է անել: ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք, բայց չպետք է մոռանանք, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, և մեր որոշումները պետք է բխեն այս իրողությունից:
-ԵԱՏՄ-ի անդամ լինելը, ըստ էության, նշանակում է սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ, բայց այսօր Ռուսաստանը շատ ծանր տնտեսական վիճակում է, ի՞նչ հեռանկար է խոստանում այդ անդամակցությունը:
-Եթե մենք որևէ տնտեսական միության անդամ չենք, ու՞մ հետ ենք համագործակցելու: ԵԱՏՄ-ն առանձնապես մեծ խոչընդոտ չէ այլ համագործակցությունների ճանապարհին: Հնարավորինս համագործակցում ենք Չինաստանի, Իրանի և Արևմուտքի հետ:
-Բայց այդ համագործակցությանը Ռուսաստանը խանդով է վերաբերվում:
-Բնական է, որ Ռուսաստանը շատ քայլերի կարող է խանդով վերաբերվել: Այնպես, ինչպես մենք ենք խանդով վերաբերվում, երբ Ռուսաստանը սերտացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ, զենք վաճառում նրան կամ լավացնում հարաբերությունները Թուրքիայի հետ: Մենք մտել ենք ՀԱՊԿ, որ մեր ազգային շահը պաշտպանենք, իսկ եթե դա կարող է խանդ առաջացնել, ոչինչ, թող մի քիչ էլ խանդեն: Երբ մասնակցում էինք Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, իսկապես խանդը կար, մեր գործընկերները պետք է հասկանան` միայն ՀԱՊԿ-ով կամ հայ-ռուսական հարաբերությունների շրջանակով չեն սահմանափակվում մեր ազգային շահերը: Մենք` որպես ինքնիշխան պետություն, ավելի լայն համագործակցության անհրաժեշտություն ունենք: Խանդը քաղաքական կատեգորիա չէ, մեզ համար ամենագլխավորն ազգային անվտանգությունն է: Եթե նայենք, թե այս ու այն կողմից ովքեր են խանդում, պետք է ձեռքներս ծալած նստենք: Առաջնայինը ազգային անվտանգությունն է, մնացածը պետք է ծառայի դրան:

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ